8-15, Ստամբուլ. Նամակ, որովհետև առավել գեղեցիկ գրում եմ, քան խոսում Արման Թովմասյան

Ներողություն եմ խնդրում նոր ընտանիքիցս, վարժարանից ու կրթահամալիրից` երեկ շնորհակալության խոսքս ասելու ի վիճակի չլինելու համար. 3 հիվանդություն ու ողնաշարիս ցավը որոշել էին ինձ վրա հարձակում գործել միաժամանակ:
Ներողությունը չեմ խնդրում ի միջի այլոց. ես իրոք հուսով եմ, որ կհասկանաք իրավիճակս ու ներում կշնորհեք ինձ, ու եթե իմացա, որ ներողությունը ինձ շնորհված է, մի մեծ քար կգլորվի խղճիս ուսերից:
Ինչևէ, ամեն դեպքում խոսքը արժեք չունի: Շնորհակալությունս ավելի լավ է գործով ցույց տամ:

Ընդհանրապես չեմ սիրում ձմեռը: Մրսկան եմ, ու ստիպված եմ հագնել շարժումը բարդացնող “զրահ”, հենց հիմա էլ հիվանդ եմ, ու դեռ հոկտեմբերին կանխագուշակելով, որ քիչ եմ շարժվելու, որոշեցի հանգիստ տալ ինձ ամենից:
6 ամիս վարսավիրի ձեռք չտեսած խիտ ալիքներս կտրելով մտա հերթական հոգեկան մետամորֆոզի մեջ, ու դրա մեջ էի, երբ ինձ հայտնեցին Ստամբուլ մեկնելու հնարավորության առկայության մասին: Սկզբից հրաժարվեցի: Փոշմանեցի` իմանալով, թե ինչ կկորցնեմ` չգնալու դեպքում: Երևանում 3 օր ինձնից խլած վազվզոցից հետո փաստաթղթերս ու ես պատրաստ էինք երկիրը լքելուն: Դե, հիմա էլ քիչ բանի հետ կփոխեի քեզ հանդիպելը, որ ճիշտն ասեմ. վերադառնալուցս 3 օր հետո երևի դեմքդ էլ չեմ հիշի, բայց անցկացրած ժամանակը հաճելի էր, կաղոթեմ, որ չմոռանամ:

3 հատ մանդարինով, 1 շիշ ջրով ու 4 ժամ քնելով ճանապարհի վրա անցկացրած 26 ժամից հետո իջանք ավտոբուսից, հանեցի իրերս. մինչև ատամներս զինված էի սնունդով, որին մինչ այսօր գրեթե ձեռք չեմ տվել, ուղղակի որովհետև չուզեցի “խաղեր խաղալ” ստամոքսի հետ ճանապարհի վրա, իսկ հիմա էլ երևի մեծ մասը էլ ուտելու ենթակա չէ: Երևի Երևան ետ կտանեմ, մեր շանը կտամ:
Իջանք, քայլք դեպի մայթը: Կար բավականին բազմություն, դու էլ էիր երևի էնտեղ, ինչ գիտեմ: Սկզբից` օրիորդ Լիզեթը (զարմանալի կերպով հիշում է բոլորիս անունները), ապա` նոր մայրս` Հիլդան, դիմավորեցին ինձ` Իզաբելլայի (նոր ավագ քույրս, 9 դասարան, ամեն օր ինձ տանում էր դպրոց, մի անգամ իմ պատճառով ուշացավ դասից մոտ 15 րոպե (դե ես ինչ մեղավոր եմ, մեր դասերը սկսում են 9:15, իսկ այստեղ 8:00), առաջին օրը ինձ զարմացրեց իր դաշնամուր նվագելու կարողությամբ, ու մինչ օրս զարմացած եմ, հետո ինձ օգնեց նվագել Jingle Bells-ի առաջին տողը) ու Մայքլի (նոր եղբայրս, 1 դասարան, տղային տեսնելուն պես աչքերիս դիմաց եկավ Խորենացու թողած` Տիգրան Երվանդյան արքայի նկարագիրը) հետ միասին նստեցինք նոր հորս` Մուրադի (վրացի է, հաղորդակցվում ենք ռուսերենով, հիանալի կիթառ է նվագում ու նաև լավ երգում է, հինգշաբթի միասին հետաքրքիր վիդեոներ էինք նայում) մեքենան: 10 րոպեում հասանք տուն` ճանապարհին զրուցելով:
Միջնեկ երեխան` Թինան (նույնպես դաշնամուր նվագելու ձիրք ունի, գուշակում եմ, որ հաճախ ստիպված է զբաղվել տան այս կամ այն փոքր գործով, ինչը ընտանիքի միջնեկ երեխաների մեծ մասի “պատիժն է”, երբեմն խաղում է տան թութակի հետ, որը չորեքշաբթի կծեց նրա մատը) կարծեմ մի ներկայացման էր մասնակցում և դեռ տանը չէր:

Ընտանիքի մասին կարող եմ պատմել բավականին երկար, բայց աչքերդ ափսոս են, ու կփորձեմ դրվատանքս կարճ կապել: Ընտանիքը գերազանցեց բոլոր սպասումներս (դրական առումով, բնականաբար). բախտի բերումով ընտանիքում օգտագործվում էր ինձ սիրելի սնունդ, ու ճաշի ժամանակ Հիլդան անընդհատ ավելացնում էր ափսեիս պարունակությունը, ու մի օր չեղավ, որ ափսես կարողանամ լրիվ դատարկել, չնայած որ որկրոմոլի մեկն եմ: Հենց հիմա էլ քաղցրեղեն է դնում ափսեիս մեջ, չնայած որ արդեն գիշեր է, և խեղճ մարսողական համակարգս աղաչում է մի փոքր հանգիստ տալ իրեն, բայց ես էլ, տիկին Հիլդան էլ անխիղճ ենք նրա նկատմամբ: Աղջիկները և անգամ Մայքլը պատրաստ են օգնել ամեն հարցով, ծնողները նույնպես: Կարճ ասաց` հիանալի ընտանիք է, բարի, օգնող ամեն հարցում, բոլորը ունեն երաժշտական ձիրք, հումորի պակաս էլ չենք զգում, քանի որ նրանք հասկանում են իմ կատակները, ես էլ` նրանց,
ու իրոք նրանք ինձ հարազատ դարձան հենց առաջին օրվանից, ու կմնան հարազատ դեռ երկար ժամանակ:
Մնացածից էլ շատ կուզեի պատմել, բայց մտքերս չեմ կարողանում ժողովել: Եթե մնացածներից մեկը էս կարդա ու ուզի կարծիք իմանալ իր մասին, ապա Instagram-ս ունես` sides_carver, կտաս իրեն, թող գրի:

Ապշած նայում էինք շուրջներս, երբ Ստամբուլ մտանք տրանսպորտով, ու անձամբ Ես անցկացրի շաբաթը ապշած շուրջս նայելով: Ամեն բան ասես հարազատ էր, բայց նոր. Ստամբուլը զարմանալի կերպով միավորում է “ասիական հոգին” “եվրոպական մարմնի” հետ:
Հայեր կան բավականին շատ. երևի դա էլ դեր խաղաց նրա մեջ, որ ամենը ինձ հարազատ էր թվում:

Տեղավորվելուց հետո նստեցի (իրականում` փռվեցի) սենյակում, քանի որ խեղճ ողնաշարս հանգիստ չէր ունեցել շատ երկար ժամանակ, և սենյակս մտավ Յուրան (Ստամբուլ եկել է 5 տարի առաջ, բայց պահպանել է արևելահայերենը, ու դրա շնորհիվ ավելի հեշտ եմ խոսում նրա հետ, քան մնացածի, որովհետև ինձ դեռ ժամանակ է պետք` արևմտահայերեն լիարժեք հասկանալու համար: Ժամանակ, որը, դժբախտաբար, չունեմ:), նրա հետ երկար զրուցեցինք, և նա ինձ հաճախ տուն էր տանում այս կամ այն տեղից` օրվա վերջում: Նույնպես հոյակապ մարդ է, ընտանիքի մտերիմ:

Շրջեցինք նավով, շուկաներ ու տոնավաճառներ գնացինք, այցելեցինք մի շարք վայրեր (Շիշլի` հայ մեծերի գերեզմանոց, Աթաթուրքի պալատ և այլն): Չեմ մանրանա. գիտես լրիվ:

Բացասական վերաբերմունք հայերի նկատմամբ չեմ նկատել: Մյուս կողմից` մեր ազգության մասին տեղեկացված էին հիմնականում աշխատանքի ժամանակ պարապ մնացած առևտրականները, որոնք բացասական վերաբերմունք ցույց չէին տա գնորդին` հիմնվելով նրա ազգության վրա: Հետո` իմացա, որ դեռ կրոնական տարբերության խնդիրը առկա է, ու քրիստոնյաներին այստեղի բանակում լավ չեն վերաբերվում, ու թուրքական կառավարությունը դեռ որոշ չափով ճնշում է տեղի հայերին: Ինչ գիտեմ:

Մի պահ մտածելու տեղ ունեցա:
Հրանտ Դինքի անվան վարժարանում էինք, 5-րդ դասարանի երեխաները սկսեցին երգել հայրենիքի մասին մի երգ: Ով գիտի, երևի նրանք կապում են իրենց անհանգստացնող խնդիրները հայրենիքում չապրելու հետ ու դրա համար շատ կցանկանային Հայաստանում լինել: Մասամբ նրանք կարող են ճիշտ լինել, մասամբ սխալ: Ասենք, չես հավատա, բայց ես ինձ այս շաբաթ ավելի հարազատ միջավայրում եմ զգում, քան մինչ այսօր եմ զգացել: Չեմ կարոտել ոչ Երևանը, ոչ Հայաստանը: Ոչ մի կաթիլ:
“Հայրենիք” ասվածը համարժեք է “տուն” ասվածին, ու տուն է այն տեղը, որտեղ Դու քեզ զգում ես լիարժեք և վերականգնվում ես` հոգնեցուցիչ օրից հետո:
Հայրենիքը կախարդական հող չէ: Հայրենիքն էլ ունի խնդիրներ, որոնց մի մասը շատ ավելի տգեղ է, քան այստեղ եղածները: Հայրենիքն էլ ունի վատ մարդիկ ու լավ մարդիկ, լավ տեղեր ու վատ տեղեր, լավ օր ու վատ օր, սիրուն ու գեշ:
Եթե հայրենիքը դեռ գրավիչ է Քեզ ու ծրագրում ես գալ, ապա Երևան գալիս գրիր, բանակում չլինելու ու կենդանի լինելու դեպքում կօգնեմ ժամանակդ հնարավորին չափ հետաքրքիր անցկացնել, չնայած որ ինքս էլ դեռ Երևանին արտակարգ ծանոթ չեմ: Բայց ձեռքիցս եկած ամեն բան կանեմ: Երևի:

Կարծում եմ, որ կներդնեմ ամենը, որ ևս հանդիպեմ այն մարդկանց, որոնց հետ ծանոթացա այս շաբաթվա մեջ` Ստամբուլում: Բայց եթե էլ երկրորդ անգամ չլինի, մեկ է գոհ եմ. շատ դրական ստացա և հուսով եմ, որ բավական դրական տվեցի ինքս: Մեջս հասունացել էր էս շաբաթ հանդիպածս բոլոր մարդկանց հանդիպելու կարիքը, ինչը, իհարկե բավարարված է: Շնորհակալ եմ, ու հույսով, որ ի վիճակի կլինեմ հատուցել ինձ բարությունը բազմապատիկ, ու խորապես ճնշված եմ, որ շաբաթը ավարտվել է. ինչպես միշտ, ժամանակը ինձ չհերիքեց:
Օրենքի կողմից արտոնություն ստանալու և կենդանությունս պահպանելու դեպքում հաջորդ 2 տարվա մեջ կվերադառնամ Ստամբուլ: Ինչի համար? Նախ, սիրում եմ շարունակվող պատմություններ: Հետո էլ` Դու ինձ լավագույն վիճակումս չես տեսել, ու պիտի տեսնես. էդպես կուզեմ:
Չնայած` ով գիտի: Վախենում եմ, որ էս շաբաթն էլ կմաքրվի մտքիցս, ու Ստամբուլ էկած լինելս ուղղակի կմնա մտքիս մեջ` որպես գրված փաստ, ու ծերությունում կյանքս ամփոփելով կհիշեմ մանրամասներ, կկարոտեմ անցյալը, ջահել ժամանակս, գլխիս կտամ, որ չէի վայելում ինձ ու քանի բոլորը զբաղված էին իրենց վայելելով, ես զբաղված էի վատառողջ լինելս որպես արդարացում բերելով այդ ամենը գրելով ու վերջապես կսկսեմ լալ:

Շատ բան կատարվեց վերջին 168 ժամվա մեջ, ներսում ու շուրջս: Շատ բան առաջացրեց ինձ մոտ խառնված ու հակասող զգացումներ ու մտքեր, ու տարավ ինձ դեպի անձնական տեսակետից հրաժարվելը ու այլ տեսակետից երևույթը դիտելը. գեղեցիկ է, ուրեմն լավ է, մնացածը ինձ չպիտի հետաքրքրի: Սկսել եմ ուրախանալ ուրիշների ուրախությամբ. Անդոն զույգ գտավ, Էրոն սկզբից անտրամադիր էր, բայց հետո ոնց որ լավացավ, Դավոն ուրախությունից սկսեց դռդռալ, երբ իմացավ, որ անցել է անգլերենի քննությունը, ինչը բոլորիս էլ ուրախացրեց: Կողքերը նայելիս էլ կարելի է ուրախություն գտնել:
Շնորհակալ եմ խորապես նրանց, ովքեր կազմակերպեցին այս ամենը (“հին” ծնողներիցս սկսած), նրանց, ովքեր առանց գիտակցելու կարևոր հիշեցումներ արեցին ինձ, նրանց, ովքեր ներդրեցին իրենց ժամանակը, միջոցները և շատ այլ բաներ` Իմ ժամանակը ավելի հիշարժան ու լավը սարքելու համար, ու նրանց, ովքեր հաճույք գտան մեզ հետ վազվզելու մեջ, ու մերոնցից` salaklar Էրոյին, Անդոյին, Դավոյին, “Սարինեին” ու մնացածին (չմտածեք որ անուններ չեմ գրում ուրեմն ձեր ներկայությունը իմ համար արժեք չուներ):

Նկարներ չեմ կցում. ինքդ տեսել ես լրիվ: Կամ էլ` գրիր Ընկեր Մարթային, Մարինեին, Անդոյին ու Տիկին Հիլդային, բոլոր նկարները իրենց մոտ են: Գնում եմ քնելու: Բարի գիշեր:

P.S.: Ինստագրամով չհարցնեք ում եմ ուղղել էս: Կամ էլ հարցրեք, չգիտեմ, ոնց ուզեք: Ուղղակի նստած էի, նամակի տեսքով գրելու գաղափարը ծագեց մտքիս մեջ:

Թողնել մեկնաբանություն